Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայական գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:
Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկնքին նայելիս մենք տեսնում ենք բազմաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:
Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիեզերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տարբեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կարելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:
Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չափերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արեգակը միջին մեծությամբ աստղ է:
Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միավորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:
Դեռևս հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաստեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակտիկան, որում գտնվում են նաև Արեգակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակտիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:
Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորությունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստղերի միջև հեռավորությունից մոտավորապես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:
Լրացուցիչ նյութ — Աստղագիտություն
Հարցեր՝
1. Ի՞նչ է Տիեզերքը: Ի՞նչ է աստղը:
2. Ի՞նչ է համաստեղությունը: Թվարկե՛ք մի քանի համաստեղության անուններ:
3. Ո՞րն է երկնքում երևացող ամենապայծառ աստղը: