Կարդում ենք…

Միասնական ընթերցանություն

Կարդում ենք Տերյան , Թումանյան, Չարենց

Հ. Թումանյան

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

Ե. Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

 Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Նյութի աղբյուրը՝ Քրիստինե Շահբազյանի բլոգ:

Оставьте комментарий