Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որտեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:
Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամբողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վերածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:
Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:
Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:
Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:
Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:
Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում, իջնում առանձին սառցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:
Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտելիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը 1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:
Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայրցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:
Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:
Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը շարժվելիս կատարում է քայքայիչ աշխատանք:
Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալվում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջացնելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:
Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
- Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
- Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
- Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից: