Մարդու աչքը կազմված է բազմաթիվ մասերից, շատ նուրբ և զգայուն համակարգ է:
Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևը, չափերը, գույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:
Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:
Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

Տեսողության հիգիենա
Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը
● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով
● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը
● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ
● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:
● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում
Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:
Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):
Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի առջևում (նկար II):
Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):
Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

Հարցեր
- Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:
- Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:
- Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով է կարճատեսությունը ուղղվում:
- Ի՞նչ պետք է անել տեսողության արատները կանխելու համար: