Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճառով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրագնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով: