Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Քիմիական տարրը | Քիմիական նշանը | Արտասանությունը |
Ազոտ | N | էն |
Ալյումին | Al | ալյումին |
Ջրածին | H | հաշ |
Թթվածին | O | о |
Երկաթ | Fe | ֆեռում |
Պղինձ | Cu | կուպրում |
Արծաթ | Ag | արգենտում |
Ոսկի | Au | աուրում |
Կապար | Pb | պլումբում |
Ցինկ | Zn | ցինկ |
Ածխածին | C | ց |
Ծծումբ | S | էս |
Ֆոսֆոր | P | պե |
Քլոր | Cl | քլոր |
Բրոմ | Br | բրոմ |
սիլիցիում | Si | սիլիցիում |
Հարցեր
- Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
- Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
- Ի՞նչ է քիմիական տարրը: