День: 25 апреля 2022
Երկրագնդի բույսերը և կենդանիները
Մաս 1
Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են, օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սենյակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը: