Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանակություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան միջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հարավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանակին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
- Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
- Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
- Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
- Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը: