Ճահիճների առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:
Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակշռությունը: Ճահիճները չի կարելի համարել լիովին անօգուտ տարածքներ: Դրանք շատ կարևոր դեր ունեն Երկրի վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին է տալիս մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝ մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել են պետական արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
- Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
- Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
- Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: