Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաստատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև՝ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ: Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշիանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտեղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ: Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանալով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործընթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչվում է տեղական կամ փոքր շրջապտույտ:
Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակերևույթից գոլորշացած ջուրը թափվում է նույն տեղում:
Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա, և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճահիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջացնում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի միջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:
Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղցրահամ ջուրը, և կյանք գոյություն չէր ունենա:
Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու համալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն արագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ավելի արագ կթարմանան:
Միլիոնավոր տարիների ընթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցամաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետերի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:
Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կուտակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապատի կլիման:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:
- Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
- Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները:
- Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ: