Մաս 1
Շրջակա բնության մասին գիտելիքները միշտ էլ անհրաժեշտ են եղել մարդուն: Դեռևս հնագույն ժամանակներից մարդը ուսումնասիրել է իր շրջապատը՝ սնունդ հայթայթելու համար: Սննդի համար նոր տարածքներ որոնելով, ռազմական արշավանքներ կազմակերպելով և առևտուր անելով՝ մարդը նոր գիտելիքներ էր կուտակում Երկրի մասին:
Մի քանի հազար տարի առաջ մարդիկ սովորեցին պատրաստել թիավարվող նավեր և առագաստանավեր, որոնց շնորհիվ նրանք կարողացան հայտնագործել նոր երկրներ և ուսումնասիրել դրանք:
Վաղ անցյալում բազմաթիվ ճանապարհորդություններ են իրականացրել եգիպտացիները, հույները, հռոմեացիները, ուրարտացիները:
Հին Եգիպտոսը մարդկային մշակույթի հնագույն օջախներից մեկն է: Եգիպտոսը հարավից և արևմուտքից շրջափակված էր դժվար անանցանելի անապատներով, իսկ հյուսիսում Միջերկրական ծովն էր ողողում նրա ափերը: Շատ տարիներ առաջ եգիպտացիները կարողացել են հաղթահարել այդ արգելքները, իրենց երկրից բացի նրանք ծանոթ էին նաև Երկրի բազմաթիվ այլ շրջանների: Ծովային մշտական կապ էր հաստատվել Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի միջև: Լիբանանից, օրինակ, Եգիպտոսը ներկրում էր իրեն անհրաժեշտ ամբողջ փայտանյութը: Կարմիր ծովի ափերին գտնվող երկրներից Եգիպտոսը ծովային ուղիներով ձեռք էր բերում ոսկի, արծաթ, հոտավետ խեժեր: Մեզ հասած տեղեկություններից պարզվում է, որ եգիպտացիները խիզախ նավարկություններ են կատարել ոչ միայն Միջերկրական ու Կարմիր ծովերում:
Քրիստոսից առաջ 597-594 թվականներին Նեխո 2-րդ փարավոնի կազմակերպած արշավախումբը շրջանցեց Աֆրիկան: Նրանք նավարկության դուրս եկան Կարմիր ծովից, առաջին անգամ մուտք գործեցին հարավային կիսագունդ, ապա Ջիբրալթարի նեղուցով ու Միջերկրական ծովով նորից վերադարձան Եգիպտոս:
Միջագետքը նույնպես համարվում է մարդկային մշակույթի ամենահին օջախներից մեկը: Միջագետքում են ձևավորվել Բաբելոն և Ասորեստան հնագույն պետությունները: Առևտուրը հեռավոր երկրների հետ նպաստել է աշխարհագրական գիտելիքների կուտակմանը և զարգացմանը։