Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:
Հարցեր
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
- Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
- Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:
- Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ: