День: 20 мая 2021
Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին
Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին.
- Նախ պետք չէ վախենալ օձից, կարելի է նայել, սակայն ոչ մի դեպքում ձեռք չտալ և չսպանել: Օձին հնարավորություն տվեք հեռանալ: Եթե այն չի հեռանում, հեռացեք ինքներդ: Պետք է հակառակ ուղղությամբ հեռանալ՝ ոչ թե վազելով, այլ շատ դանդաղ:
- Ինչպես գիտենք, օձերը լսում են հողի ցնցումներն ու տատանումները: Ուստի, եթե քայլում եք այնպիսի վայրերով, որտեղ կարող են օձեր լինել, ապա վերցրեք ծանր փայտ և ամեն քայլի հետ հարվածեք հողին:
- Ավելի հաճախ օձերը խայթում են հատապտուղներ, սունկ և ցախ հավաքելիս, խոտ հնձելիս, խարույկի մոտ քնելիս և այլն: Այդ պատճառով մինչ հատապտուղը կամ սունկը պոկելը խորհուրդ է տրվում խոտերին փայտով հարվածել:
- Արշավների ժամանակ անհրաժեշտ է հագնել երկարաճիթ հաստ կաշվից արշավային կոշիկներ, հաստ պաշտպանիչ ուժեղացումներով արշավային տաբատ և զանգապան: Հանդերձանքի այսպիսի համադրությունը պետք է հիմնականում ապահովի բավարար պաշտպանություն իժերից:
- Քարքարոտ, ժայռոտ հատվածներով, թփուտների, բարձր խոտի միջով անցնելիս, տապալված ծառերի կամ կոճղերի վրա կանգնելիս ուշադիր եղեք: Ցերեկվա շոգ ժամերին օձերն այսպիսի վայրերում են պատսպարվում:
- Եվս մի խորհուրդ՝ մի դիպչեք հենց նոր սպանված օձի գլխին, թեկուզ այն պոկված լինի մարմնից: Պոկված գլխի մեջ դեռ երկար ժամանակ նյարդային իմպուլսներ են մնում և այն կարող է շարժվել և խայթել:
Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:
Առաջին օգնություն
Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել.
Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:
Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․
- Նախ և առաջ հետ քաշվել, քանի որ օձը կարող է կրկին հարձակվել և կրկին խայթել:
- Պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել: Սա վերաբերում է և՛ տուժածին, և՛ օգնություն ցուցաբերողին: Հիշե՛ք՝ օձի խայթոցից ոչ ոք անմիջապես չի մահանում: Հայաստանի օձերի դեպքում դուք ունեք մի քանի ժամ, մինչև թույնը կսկսի ազդել: Այնպես որ դուք բավականաչափ ժամանակ ունեք տուժածին և՛ օգնություն ցուցաբերելու, և՛ հիվանդանոց տեղափոխելու համար:
- Եթե շրջակայքում այլ մարդիկ կան, ապա որևէ մեկին ուղարկեք ահազանգելու: Ձեզ մոտ անպայման նշեք խայթելու ժամը:
- Անհապաղ սկսեք արտածծել թույնը: Իհարկե, դա դժվար գործողություն է, սակայն հիշեք, որ 5 րոպե արտածծելու ընթացքում կարելի է հեռացնել թույնի կեսը:
Ինչպե՞ս կատարել արտածծումը
Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:
Օձի թույնը և դրա ազդեցությունը
Օձի թույնը և դրա ազդեցությունը
Օձերի թույնը դեղնավուն, թափանցիկ հեղուկ է, որը արտադրվում է զույգ թունավոր գեղձերում: Չորացրած վիճակում օձի թույնը պահպանում է իր թունավոր հատկությունը տասնյակ տարիներ:
Օձերի թույները բաժանվում են երեք մեծ խմբի՝
Նեյրոտոքսին
Խոցում է զոհի նյարդային համակարգը: Ուղեղից և ոնղուղեից նյարդային ազդակները դադարում են հասնել սիրտ, թոքեր, մկաններ: Զոհը պարալիզացվում է և չի կարողանում շարժվել: Հիմնականում մահանում է շնչահեղձությունից կամ սրտի կանգից: Նեյրոտքսինով զինված օձերից են՝ կոբրաների մեծամասնությունը՝ թագավորական կոբրայի գլխավորությամբ և ծովային օձերի մեծամասնությունը: