Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
Գլխարկավոր սնկերը մեծ խումբ են կազմում: Դրանք կազմված են սնկամարմնից և պտղամարմնից: Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով: Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերն ունեն ինչպես բույսերին, այնպես էլ կենդանիներին բնորոշ հատկանիշներ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է: Հայտնի է սնկերի 100 հազար տեսակ:
Հատուկ խմբեր են կազմում բորբոսասնկերը և խմորասնկերը: Նրանք շատ փոքր չափեր ունեն և երևում են միայն մանրադիտակով: Բորբոսասնկերը և խմորասնկերը լայնորեն օգտագործվում են դեղորայք, վիտամիններ, կենդանիների կեր ստանալու համար: Խմորասնկերը կիրառվում են նաև գինու, հացաթխման արտադրությունում և այլն:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ:
Սնկերը կարևոր դեր ունեն բնության մեջ նյութերի շրջապտույտի, մահացած օրգանիզմների և օրգանական նյութերի քայքայման գործընթացում: Նրանք մասնակցում են նաև հումուսի առաջացմանը, որը բարձրացնում է հողի բերրիությունը:
Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
- Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
- Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդությունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ
Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարածված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա: