Ամպերում ջրային գոլորշիները սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնոլորտային տեղումներ:Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:
Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով իրար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:
Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջանում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրացող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորանոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափվում են Երկրի վրա:
Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնականում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում, պարզկա գիշերային ժամերին:
Գիշերը, երբ օդը սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:
Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:
Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերներին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:
Մթնոլորտային տեղումների քանակը չափում են օդերևութաբանական կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:
Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրը հավաքվում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրը դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որոշում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:
Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլը տեղափոխում են տաք սենյակ, որ ձյունը (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրը նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տեղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա ընթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետրերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երևանում՝ մոտ 300 մմ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:
- Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հեղուկ և պինդ տեղումները:
- Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:
- Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։
- Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնակավայրում: