Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսերից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը մեծ է:
Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հագենալուց հետո առաջանում են տեղումներ:
Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
Սակայն բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապատասխան արժեքը:
Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակումներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:
Մեծ մասամբ մառախուղը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:
Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրության: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկը ջերմաստիճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերը փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բերած ջերմությունը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:
- Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
- Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
- Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
- Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
- Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները: