Մթնոլորտի կազմը: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ: