Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝ հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հոլանդացիները այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնասիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհորդություններ: