Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը մանրացնում են, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:


Ծծմբի փոշի Երկաթի փոշի
Նյութի առավել նուրբ մանրացում, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:


Լուծույթներում իրականացված ռեակցիաները
Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
1. մանրացում
2. խառնում
3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և՛ սկսվելու, և՛ ընթանալու պայմանն է:
Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:

Երկաթի ժանգոտումը
Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:


Հարցերին պատասխանել.
1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:
2.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ մի քանի պայմաններ:
3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
4. Կատարեք մեկ փորձ՝ քիմիական կամ ֆիզիկական երևույթը նկարագրող և տեղադրեք բլոգում: