Եթե Երկրին տիեզերքից նայենք, չենք կարողանա հասկանալ, թե որն է վերևը, որը՝ ներքևը, որն է աջը, որը՝ ձախը: Ուրեմն ինչպե՞ս բացատրես, թե ինչը որտեղ է: Դրա համար Երկրի պատկերները ծածկել են ուղղահայաց և հորիզոնական գծերի երևակայական մի ցանցով, որն ասես մասերի է բաժանում Երկրի մակերևույթը: Այդ գծերն անվանել են միջօրեականներ և զուգահեռականներ: Դրանց ծայրերին տառեր և թվեր են գրել, որոնք հեշտացնում են մեզ հետաքրքրող վայրը գտնելը:
Պայմանական նշաններ
Քարտեզների վրա դժվար է ամեն ինչ տեղավորել: Որպեսզի քարտեզը տեղեկություն տա հատկանիշների մասին, դրանք պատկերում են պայմանական նշաններով: Ասենք՝ անտառներ, լեռներ, հանքեր և այլն: Յուրաքանչյուր քարտեզի անկյունում նշված է, թե որ նշանն ինչ է ցույց տալիս:
Քարտեզի վրա պայմանական նշաններից բացի նշում են մասշտաբը և հորիզոնի կողմերը: Եթե դեմքով կանգնեք դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի քարտեզի աջ կողմում, արևմուտքը՝ ձախում, հյուսիսը՝ վերևում, իսկ հարավը՝ ներքևում:
Առաջադրանք
Փոքր տարածքի պատկերը թղթի վրա՝ վերևից նայած, կոչվում է հատակագիծ: Կազմի՛ր քո սենյակի «քարտեզը»՝ հատակագիծը:
ա) Նախ քայլերով չափի՛ր սենյակդ:
բ) Որոշի՛ր մասշտաբը, ասենք՝ քո մեկ քայլը հավասար է հատակագծում 2սմ-ի:
գ) Մասշտաբը պահպանվելով՝ գծի՛ր սենյակի սահմանները, լավ կլինի՝ մատիտով, սխալվելու դեպքում կարողանաս ջնջել և ուղղել:
դ) Տե՛ս, թե ինչ կարևոր առարկաներ կան սենյակում, օրինակ՝ դուռ, լուսամուտ, կահույք, և ինչպես են դասավորված: Դրանք պատկերի՛ր այնպես, ասես վերևից ես նայում:
ե) Հետո տեղադրի՛ր ավելի փոքր առարկաները, օրինակ՝ սեղանի վրայի գրքերը, ծաղկամանը, հեռուստացույցը, սեղանի լամպը և այլն: Կարող ես դրանց համար պայմանական նշաններ հորինել:
զ) Ներքևի անկյունում բացատրի՛ր քո օգտագործած պայմանական նշանները և նշի՛ր մասշտաբը: