Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :
Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիանոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավազաններ, օրինակ՝ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիության պատճառով ծով են անվանվում:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է լիճը:
- Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում: Բերեք օրինակներ:
- Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
- Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից: