Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:
Հիշու՞մ եք, թե ինչպես էիք որոշում հորիզոնի կողմերը: Ի՞նչ պիտի անենք դրա համար:
Կողմնացույց
Մագնիս անունով մի հովիվ մի անգամ զարմանքով նկատում է, որ ինչ-որ ուժ իրեն կանգնած տեղին է գամել: Պարզվում է՝ ապարը ձգում է նրա կոշիկների ներբանի մեխերը: Հովվի հայտնաբերած այս ապարը նրա պատվին մագնիս անվանեցին:
Մագնիս տեսել եք, չէ՞: Ի՞նչ առարկաներ է ձգում:
Կատարենք մի փորձ: Վերցնենք մագնիսի կտոր և դանդաղ մոտեցնենք մետաղադրամներին: Կտեսնենք, որ դրամներն ասես ցատկելով կպչում են նրան: Մագնիսի ուժն ազդում է առարկաների վրա, նույնիսկ առանց մագնիսը նրանց հպելու: Այն տարածությունը, որի վրա ազդում է մագնիսի ուժը, կոչվում է մագնիսական դաշտ:
Մագնիսը մի կարևոր հատկություն էլ ունի. եթե թույլ տանք, որ մագնիսի կտորն ազատ շարժվի, ապա մի ծայրը միշտ դեպի հյուսիս ցույց կտա, մյուս ծայրը՝ հարավ: Մագնիսի այս հատկությունն օգտագործելով՝ մարդիկ ստեղծել են կողմնացույցը:
Հորիզոնի չորս հիմնական կողմերից բացի՝ կողմնացույցի վրա նշվում են չորս միջանկյալ կողմերը՝ հյուսիս-արևելք, հարավ-արևելք, հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք:
Գլոբուս և քարտեզ
Երկրի վրա ինչ-որ տեղ գտնելու համար օգտվում ենք գլոբուսից կամ քարտեզից: Գլոբուսը Երկիր մոլորակի փոքրացված պատկերն է, այսինքն Երկիրը, բայց թղթի վրա:
Դեռ հնագույն ժամանակներից ճանապարհորդները նկարել են Երկրի մակերևույթը, ինչպես որ տեսել են: Իհարկե, տեղանքը քարտեզի վրա շատ ավելի փոքր է իրական չափերից: Առարկայի՝ իրական չափերից մեծ կամ փոքր պատկերը կոչվում է մասշտաբային պատկեր: Օրինակ՝ եթե քարտեզի վրա տեղանքը պատկերված է իրականից 100 անգամ փոքր, ասում ենք՝ մասշտաբը «մեկը հարյուրի» է և գրում ենք «1:100»: Երկու վայրերի հեռավորությունը հաշվելու համար այն պետք է չափել քարտեզի վրա, ապա բազմապատկել մասշտաբով:
Հարցեր.
Կողմնացույցի վրա լրացրու՛ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը.
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից: