Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում Հյուսիսի 4-րդ դասարանցիներից կազմված մի ջոկատ այցելեց Մայր դպրոց, վարպետության դաս ունեցավ Ավագ դպրոցի քիմիայի լաբորատորիայում՝ Վեներա Խառատյանի մոտ։ Ճամբարականները՝ շնորհիվ իրենց անհատական կատարած փորձերի, կախարդական հմայքով վերածվեցին փոքրիկ գիտնականների՝ ճերմակ խալաթներով և ձեռնոցներով և անհատապես հատկացված լաբորատոր սարքավորումներով։ Գիտակները՝ ինչպես նրանց անվանում էր տիկին Վեներան, բացահայտեցին օսլայի պարունակությունը՝ տարբեր սննդամթերքների մեջ և ստացան առաջադրանք՝ համացանցից գտնել տեղեկություն, թե որ սննդամթերքի մեջ որքան է օսլայի քանակությունը։ Նրանք ծանոթացան քիմիական մի շարք նյութերի, լաբորատոր փորձանոթների, դրանցից ճիշտ օգտվելու կանոնների հետ և սեփական փորձով բացահայտեցին մի շարք քիմիական երևույթներ։
Լաբորատոր փորձեր՝ օսլայի հայտնաբերման որակական ռեակցիաները:
Օսլայի բացահայտման ռեակցիաներ.
Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ գունավորում։ Տաքացման հետևանքով գունավորումն անհետանում է, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։ Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։
Աշխատանքի համար անհրաժեշտ է. Օսլայի լուծույթներ
Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
Գունավորման վերականգնում:
Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ հաց, բրինձ, խնձոր, բուսական յուղ, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ:
Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի բռնիչ:
Աշխատանքի ընթացքը.
Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։
Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր, թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։
Տեսանյութում ներկայացված ճամբարականների փորձը կարելի է կիրառել որպես տեսադաս։
Տեսանյութը՝ Հայկուհի Հովհաննիսյանի
Սովորող՝ Կարեն Ասլանյանի կատարած աշխատանք: