Երկրակեղևը կազմված է ապարներից, որոնք տարբերվում են իրենց ծագմամբ և հատկություններով: Ապարները լինում են կարծր և փխրուն: Կարծր ապարներ են քարերը, քարածուխը, քարաղը, իսկ փխրուն ապարներ են կավը, ավազը, տորֆը:
Ըստ իրենց ծագման՝ ապարները բաժանվում են երեք խմբի՝ մագմային, նստվածքային և ձևափոխված:
Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում կամ մակերևույթի վրա: Մագմային ապարներ են գրանիտը, տուֆը, բազալտը և պեմզան:
Նստվածքային ապարներն առաջացել են ծովերի և օվկիանոսների հատակին, ցամաքային իջվածքներում և լեռների ստորոտներին: Դրանք հիմնականում գոյանում են մագմային և ձևափոխված ապարների քայքայման, տեղատարման և կուտակման հետևանքով: Այդպիսի նստվածքային ապարներից են ավազը, խճաքարերը, աղը:
Ձևափոխված ապարները գոյացել են մագմային և նստվածքային ապարներից, որոնք երկրակեղևում առաջացող բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ փոխել են իրենց սկզբնական հատկությունները: Ձևափոխված ապարի օրինակ են մարմարը, բյուրեղային թերթաքարերը:Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանազան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտակար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարական:
Օգտակար հանածոների գտնվելու վայրը կախված է երկրակեղևի կառուցվածքի առանձնահատկություններից, ապարների և հանքանյութերի առաջացման պայմաններից: Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք գրատախտակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանազան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտակար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարական:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են: Մետաղների հանքերը հիմնականում կապված են մագմային և ձևափոխված լեռնային ապարների հետ:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտոմեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները: Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:
Խմբավորի՛ր օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ, բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ
Շինանյութ վառելիք մետաղ թանկարժեք քար