Բացի ութ մոլորակներից՝ Արեգակի շուրջը պտտվում են հազարավոր փոքր մոլորակներ, որոնք կոչվում են աստղակերպեր: Արեգակնային համակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գիսավորներն ու ասուպները:
Գիսավորները երկնային մարմիններ են, որոնք կազմված են միջուկից և երկար գեսից՝ պոչից (այստեղից է առաջացել անվանումը): Գիսավորները ձգված հետագծով պտտվում են Արեգակի շուրջը՝ պարբերաբար մոտենալով և շատ հեռանալով նրանից:
Գիսավորի միջուկը կազմված է սառցակտորներից և քարի ու մետաղների խառնուրդից: Արեգակից հեռու դիրքում գիսավորի միջուկի ջերմաստիճանը շատ ցածր է՝ մոտ -260 0C աստիճան: Արեգակին մոտենալիս գիսավորի միջուկն աստիճանաբար տաքանում է, և նրա նյութը սկսում է գոլորշանալ: Միջուկի շուրջն առաջանում է գազի և փոշու խառնուրդ: Արեգակի ճառագայթման ազդեցությամբ այդ խառնուրդն սկսում է հեռանալ միջուկից՝ առաջացնելով երկար, թափանցիկ պոչ: Գիսավորի պոչը միշտ ուղղված է դեպի Արեգակից դուրս: Որքան գիսավորը մոտենում է Արեգակին, այնքան նրա պոչը երկարում է և կարող է հասնել մինչև տասնյակ միլիոն կիլոմետրերի:
Արեգակից հեռանալիս գիսավորի պոչը աստիճանաբար անհետանում է:
Առավել նշանավոր է անգլիացի աստղագետ Հալեյի պատվին անվանված գիսավորը, որն Արեգակին մոտենում է մոտավորապես 75 տարին մեկ անգամ:
Հաջորդ անգամ այդ գիսավորը Երկրից անզեն աչքով կերևա 2061 թվականին:
Ասուպներ: Մութ գիշերը երկնքում, բացի աստղերից, հաճախ կարելի է տեսնել դեպի ներքև շարժվող լուսարձակող մարմիններ: Հնում չիմանալով, թե ինչ են այդ մարմինները, մարդիկ դրանք անվանել են «ընկնող աստղեր»: Իրականում դրանք ոչ մի կապ չունեն աստղերի հետ:
Տիեզերական տարածության մեջ միշտ շարժվում են տարբեր չափեր ունեցող բազմաթիվ կարծր մարմիններ: Դրանց մի մասը, մեծ արագությամբ մտնելով Երկրի մթնոլորտ, վերջինիս հետ շփման հետևանքով շիկանում և լրիվ այրվում է՝ երկնքում թողնելով լուսավոր հետքեր: Այդ մարմիններն անվանում են ասուպներ:
Եթե մթնոլորտ մտնող մարմնի զանգվածը բավականաչափ մեծ է, ապա նա չի հասցնում լրիվ այրվել և ընկնում է Երկրի վրա: Այդ մարմինները կոչվում են երկնաքարեր: Երկնաքարերը սովորաբար անվանում են այն վայրի անունով, որտեղ դրանք ընկել են: Երկրի վրա հայտնաբերված երկնաքարերի մեծ մասն ունի մի քանի գրամից մինչև մի քանի կիլոգրամ զանգված: Հայտնաբերվածներից առավել խոշոր է Աֆրիկայում ընկած Գոբայի երկնաքարը, որի զանգվածը 60 տոննա է:
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից: