ՄՈՒԿՆ ԸՆԿԵՐԱՆՈՒՄ Է ՄԿԱՆ ՀԵՏ
Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.
— Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:
Ամպին է դիմում: Ամպն ասում է.
— Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:
Քամուն է դիմում: Քամին ասում է.
— Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:
Քարին է դիմում.
— Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:
Մարդուն է դիմում: Մարդն ասում է.
— Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:
Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.
— Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:
— Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը:
ԽԽՈՒՆՋՆ ՈՒ ՍՈՒՆԿԸ
Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜, քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:
ՀՊԱՐՏ ԱՔԼՈՐԸ
Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:
Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.
— Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:
Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.
— Կորի՜, գնա՜, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է:
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը:
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց ասավ ընկերներին.
Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,
Դեն գցեցեք ձեր պոչերը,
Ինչո՞ւ են պետք այդ փրչերը:
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,
Գետնի ավել,
Վազքի խափան,
Մեզ անվայել
Ավելորդ բան:
Այստեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան. «Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը,
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչո՞ւ չարիր դու այդ կոչը»:
ԵՍ
Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
— Դո՛ւ…
— Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը և կռռաց.
— Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց:
ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգ էր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
– Չկա, չէ, չէ…
ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ
Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մեջ արին ժողով:
Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասավ.
-Լսե՜ք, մեծ ու պստիկ.
Շունը հաչե, Քամին փչե,
Ամպը գոռա, Մուկը ճռա,
Մեր էս ցեղը
Հա՛ կդողա:
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք գնանք, լցվենք մի գետ:
Շլդիկները՝ ո՜չ այս, ոչ այն,
Ելան ընկան մահի ճամփան:
Հենց որ եկան գետին մոտիկ,
Էն գորտերը, մեծ ու պստիկ,
Խառնիխուռը
Ընկան ջուրը:
Իսկույն այդտեղ մի այլ Շլդիկ՝
— Դարձե՜ք -կանչեց, — պապիս որդիք,
Էլ մի՜ կախեք ձեր քթերը,
Մեզնից վախկոտ են գորտերը:
ԱՆՏԵՐԵՎ ԾԱՌԸ
Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:
Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.
— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:
ՄԵՂՈԻ
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
ԾԻԱԾԱՆ
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
ԳԻՇԵՐ
Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:
ԺԱՄԱՑՈՒՅՑ
Ա՛յ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց.
Մի բերան հա՝ թիկ, հա՝ թակ,
Բա քեզ չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի՝ սո՛ւս արա,
Գլուխներս դու տարար,
Հերի՛ք խոսես ու շարժես
Աչքերդ ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի չաչանակ։
ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ։
Շաղգամն աճեց, մեծացավ,
Պապը տեսավ, զարմացավ։
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամը հողից չհանեց։
Պապը կանչեց տատիկին։
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Տատը կանչեց թոռնիկին։
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Թոռը կանչեց շնիկին։
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Շունը կանչեց փիսոյին։
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին։
Ով ալարի, Ոչ դալարի
Ժամանակով
Ազգով – տակով,
Տնով — տեղով
Ամբողջ ցեղով
Կատուներն են
Մկան որսկան:
Բայց էս կատուն,
Էս մեկն էսքան
Մրսկա՞ն, սսկա՞ն,
Ճպռո՞տ, քնկո՞տ,
Ծո՞ւյլ, ալարկո՞տ:
Չեմ բամբասում,
Մուկ չի որսում,
Դե համբերեք,
Գիշեր – ցերեկ
Խոնավ հողին
Ընկած կողին,
Աչքերն ընդհուպ,
Երկուսն էլ խուփ`
Հա մռռում է, վերջում փնչում:
Լոկ բեղերն են վեր-վար թռչում:
Եվ մկները թաթիկ — տոտիկ
Պարում, երգում պոչին մոտիկ:
Այ բրդոտիկ
Բրդոտիկ,
Քնած հորթիկ,
Մի մեզ մտիկ,
Գանք քեզ մոտիկ,
Վերցնենք ոտիկ,
Հագցնենք վարտիք,
Կպցնենք գոտիկ,
Այ խորոտիկ,
Խորոտիկ:
Դնչից հեռու` չորս հինգ մատ,
Դրին թասով լիքը կաթ:
Քիթը կաթի հոտն առավ,
Ասա` ծույլը ետ դառա՞վ,
Որ կաթիցը կում անի,
Անուշ, անուշ խում անի:
Չէ, արևը գիտենա,
Նա ուզում է`
Թասն իր դնչին մոտենա:
Ալարկոտը չգիտի`
Չաշխատողը չի ուտի:
Ով ալարի,
Ոչ դալարի:
Ճպուռն ու մրջյունը
Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛
Ստեղծագործությունների հետ աշխատանք՝
- Խաղ-ուսուցում
- Անհասկանալ բառերի բացատրություն
- Զրուց-քննարկում
- Բեմականացում
- Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած….)
- Տեխնոլոգիական գործունեություն՝նկարել, ծեփել և այլն
- Բառերի վանկատում և հեգում
- Հոմանիշներ և հականաիշներ
- Հանելուկներ
- Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում