Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը:Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, մարդը նույնպես շնչում է, սնվում, ունենում երեխաներ: Մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր, լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրինակ աշխարհ՝ քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեցնելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչացնելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
- Ի՞նչ չափով է մարդը կախված բնությունից: Բե՛ր օրինակներ:
- Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրինակներ:
- Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրինակներ: