Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:
բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :
գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:
դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:
ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:
զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով:
է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկորներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկ- տրալարերից:
ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից՝ դեպի անվտանգ տարածություն:
բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում՝ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:
բ) Հագնվելու համար ժամանակ մի վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն: